Սեպտեմբերի 26-ին

Սեպտեմբերի 26-ը կյանքիս ամենաերջանիկ օրերից էր, չնայած այդ պահին չէի զգում դա, երբ առավոտյան 11-ի շաբաթօրյա փոշեկուլն էի անում սենյակումս:

Դա չէր զգում նաև հարևանս, ով դժգոհ դեմքով փորձեց բողոքել կողքի հարևանից՝ լիֆտի փողը չտալու համար:

Չէր զգում կորոնավիրուսով ու բարձր ջերմությամբ պառկած իմ գործընկերը, ում միակ երազանքը օֆիս հետ գալն էր:

Գուցե, զգում էր միայն շունիկս, բայց, ես չէի հասկանում իրեն…

Ո՛չ ոք չէր գիտակցում:

Այդ պահին միակ մտածմունքս այն էր՝ գնալ երրորդ հանդիպման, թե ոչ: Արդյունքում, չգնացի՝ հաջորդ օրը պայմանավորվելու պայմանով: Սեպտեմբերի 27-ին:

Ուզում եմ ուղեղիս մեջ ամենամանրակրկիտ ճշգրտությամբ վերականգնել այն, ինչ ապրել եմ ու զգացել մինչ սեպտեմբերի 27-ը: Գիտակցու՞մ էի արդյոք, թե ինչ անդարդ ու երջանիկ եմ՝ իմ բոլոր ներքին խնդիրներով ու դիլեմմաներով հանդերձ:

Գիտե՞ի, որ այդ հանդիպումն այդպես էլ չէր կայանալու: Ոչ թե իմ կամքով՝ չնայած միշտ վստահ եմ եղել, որ այն, ինչ հետս կատարվում է՝ իմ կամքով է: Ինչ-որ արտաքին ուժեր որոշեցին, որ այդ օրը չի լինելու ոչ մի հանդիպում: Ինչպես նաև հազարավոր այլ հանդիպումներ, պայմանավորվածություններ, տոներ, միջոցառումներ: Սեպտեմբերի 27-ին:

Ուզում եմ հիշել այժմ՝ գիտե՞ի, թե ինչքան խաղաղ ու անհոգ են եղել իմ կիրակիները: Նույնիսկ նրանք, որոնք պարուրված են եղել հաջորդող շաբաթվա անելիքների մասին մտածմունքներով, տան կենցաղային կոնֆլիկտներով, գլխիս միջի խավարասերներով: Գիտե՞ի, որ սեպտեմբերի 26-ի շաբաթ երեկոն ամենաուրախն ու անհոգն է իմ կյանքում: Եթե իմանայի, կգնայի, գուցե, այդ հանդիպմանը: Չգիտեմ՝ այլևս պատրաստ կլինե՞մ, թե ոչ: Որովհետև այլևս ոչինչ չգիտեմ ու ոչինչ չեմ կանխատեսում:

Զգու՞մ էի, որ այդ սովորական շաբաթ օրը յուրահատուկ բույր ունի: Խաղաղության բույրը: Իհարկե, ոչ: Մինչ չես առնում պատերազմի գարշահոտությունը, չես զգում անուշաբույր խաղաղության վայելքը:

Երբ չի գալիս պատերազմը, չես գնահատում սովորական օրերի վայելքը: Ամենասովորական, ձանձրալի, միջին վիճակագրական օրերի գեղեցկությունը: Ուզում ես հետ բերել ցանկացած այլ մտածմունք, փոխարինել պատերազմով: Փոխարինել ներքին պառակտումով, համատարած պսիխոզով, մոտ ու ոչ այնքան մոտ մարդկանց՝ քո նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով:

Սեպտեմբերի 26-ի բոլոր րոպեներն եմ ուզում վերականգնել հիշողությանս մեջ: Ի՞նչ կերա, ինչո՞վ ուրախացա, ու՞մ հանդիպեցի, ինչպե՞ս ինձ դրսևորեցի այս կամ այն կենցաղային հարցում: Ուզում եմ այդ ամենը հիշել, քանի որ իմ նախկին , այս պահին անդառնալի կորսված ու այնքան քաղցր թվացող կյանքի մի մասն է, իմ անցած էության մի մասը: Էություն, որը թողեցի հետպատերազմյան աշխարհում:

Գիտե՞ի,թե ինչքան մեղավոր եմ, որ անվերապահորեն վստահել եմ, հավատացել, ինձ սփոփել իլլյուզիաներով, աչք փակել, ներել… Չեմ ներում ինձ՝ շուտ ներելու համար:

Մեղավոր եմ ինձ զգում՝ նորից ու նորից ոգևորվելու, ոգեշնչվելու, վստահելու ու հիասթափության անդունդն ընկնելու համար:

Կյանքն այլևս նույնը չի լինի: Մենք նույնը չենք լինի: Մենք այլևս նույնը չենք լինի: Ու չպիտի լինենք: Այլապես կործանվելու ենք: Կործանվում ենք…

Ասում են՝ ճգնաժամից հետո նոր արշալույս է բացվում, եթե քաղում ես դասերը ու ճիշտ վերադասավորում կյանքդ: Ուզում եմ հավատալ: Նորից հավատալ: Բայց այս պահին սեպտեմբերի 26-ն եմ ուզում: Հե՛տ բերեք սեպտեմբերի 26-ի հոգսերս, մտածմունքներս ու հանդիպման գնալ-չգնալու դարդերս…

Leave a comment