Գալի՞ս ես

when-strong-woman-decides-to-leaveԱտում եմ քեզնից հեռանալու պահը: Ամեն ինչ անում եմ՝ այն ռեզինի պես ձգելու, լոճելու, երկարացնելու համար: Բայց մենք գիտենք, որ այդ պահի համար ենք հանդիպում: Չլիներ այդ պահը՝ չէր լինի իրար տեսնելու անհագ զգացումն ու տենչանքը:

Միևնույն է՝ ատում եմ այդ պահը… Մտովի հորինում եմ ինչ ասես՝ ես լավ եմ այդ հարցում, այդ պահը հետաձգելու համար: Չեղարկե՞լ այդ պահը: Ոչ, չեմ կարող: Ավելի ճիշտ, չեմ ուզում: Իսկ ավելի անկեղծ՝ դու չես ուզում: Ինչու՞: Եվ գիտեմ, և չգիտեմ: Գիտեմ, բայց փորձում եմ ինձ համոզել, որ իմ իմացածը սխալ է: Չգիտեմ, ու դա ինձ հույսի շող է տալիս: Գիտեմ, ու փորձում եմ հասկանալ քեզ:

Աստված գիտի՝ ինչքան եմ փորձել քեզ մոռանալ: Ինչքան դժվար է եղել հասնել այս պահին, այս գիտակցության աստիճանին, որ ուղղակի չկորցնեմ ինքս ինձ հուսահատության անդունդում: Իսկ այդ անդունդը մոտ է եղել, շա՜տ մոտ: Կանգնած եմ եղել ու տեսել եմ ամբողջ ահարկու խորությունը: Եվ հետ եմ կանգնել: Գուցե մի պահ նույնիսկ գլորվել եմ, բայց գերբնական ուժով հետ եմ բերել ինձ դեպի հարթավայր:

Հիմա հարթավայրից բարձունք հասնելու ժամանակն է: Կլինե՞ս դու այնտեղ ինձ հետ, թե ոչ՝ քո որոշումն է: Իմ որոշումն է՝ ձգտել բարձունքին, մնալ այստեղ, ինչքան էլ որ վախեցնող դա լինի, ինչքան էլ որ տխուր լինի գիտակցելը, որ հետս կարող է չլինես այստեղ:

Ատում եմ քեզնից բաժանվելու րոպեները, որովհետև գիտեմ, որ մյուս հանդիպում կարող է և չլինել: Իսկ այդ ընթացքում ես կհասցնեմ դեռ թեթև հրապուրվել ու հիասթափվել, հրապուրվել ու հիասթափվել…Ու հետ գալ քեզ մոտ մտովի, սրտով, հոգով, ամբողջ էությամբ պատկերացնել ինձ քո գրկում: Իսկ այդ ընթացքում դու կհասցնես դեռ գերել, գերվել, հրապուրել, հրապուրվել, հիասթափվե՞լ…Չգիտեմ, գուցե և: Հիշե՞լ ինձ: Հնարավոր է:

Ատում եմ հրաժեշտի պահերը: Ընդհանրապես: Կարևոր չէ՝ ինչ եմ զգացել ընթացքում: Եղել ես բարի՞, նու՞րբ, հոգատա՞ր, թե՞ անտարբեր, ընդգծված սառն ու կոպիտ: Այո՛, դա էլ է եղել՝ ես այնքա՜ն լավ եմ թաքցնում դառնությունը երբեմն…Ինքս ինձ չեմ սիրում դրա համար: Նողկում եմ ինձնից, հետո ներում, հետո քեզ ներում ու մոռանում: Եվ շրջանը վերսկսում:

Բայց այս անգամ բարձունքը այդ շրջանի արատավոր սահմաններից դուրս է: Վախենում եմ…անորոշություն ու անհայտություն է խոստանում այս ճանապարհը, բայց ես պատրաստ եմ: Որովհետև հոգնել եմ շրջանից: Այն իդեալական է, բայց արատավոր, գերող է, ու անդունդի դատարկության պես ահասարսուռ: Գալի՞ս ես, սիրելիս…

Leave a comment